Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Աղքատության ու նվաստացման հետևանքը

Աղքատության ու նվաստացման հետևանքը
20.01.2015 | 21:38

Վաղը «Նաիրիտի» աշխատակիցները մոմավառություն են կազմակերպելու փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի հիշատակին: Համոզված եմ, որ երբեմնի արդյունաբերական հսկայի աշխատակիցների այդ քայլն ինքնաբուխ ու անկեղծ է: Գյումրու սպանդն անտարբեր չի թողել ոչ մի հայի, այնուամենայնիվ մարդիկ հարկադրված են բողոքել, ցույցեր անել նույնիսկ վշտի ու սգի օրերին: Նաիրիտցիներն այսօր առավոտից նախագահական նստավայրի մոտ էին: Նրանց պահանջը շարունակում է մնալ նույնը՝ իրենց միլիոնների հասնող աշխատավարձերը: Ասուլիս էին հրավիրել նաև «Sanitek» ընկերության աշխատակիցները, որոնց աշխատավարձերը նույնպես չեն վճարվել: Պատկերացրեք՝ մարդկանց աղքատացումն ու նվաստացումն ինչ աստիճանի են հասել, որ նրանց հետ չեն պահում անգամ համազգային սուգն ու ցավը, բոլորիս վիշտը: Եթե ունենայինք նորմալ, մարդկանց ցավով ապրող իշխանություն, նման պատկեր չէր լինի. բոլորս մի պահ կմոռանայինք մեր քաղաքական ու գաղափարական հակասությունների, աշխատանքային պրոբլեմների մասին ու կհամախմբվեինք իշխանության շուրջը: Հայաստանում պատկերն այլ է ու չկա վստահություն իշխանության հանդեպ: Մարդիկ ենթագիտակցորեն հասկանում են, որ իրենց կյանքը, աշխատանքը, դարդ ու ցավը ոչինչ են իշխանությունների համար, գիտեն, որ այս օրերին իշխանության տարբեր կաբինետներից հնչող ցավակցական խոսքերն ու ուղերձները ընդամենը տուրք են արարողակարգին, ուղղված են հասարակական կարծիքի սիրաշահմանը, մարդկանց հանգստացնելուն: Եթե մարդն արժեք լիներ իշխանությունների համար, եթե փոքրիկ Սերյոժայի մահն այդքան հուզած լիներ մեր իշխանավորներին, նրանց գործունեության առանցքում կլիներ մարդը՝ իր հոգսերով, կյանքի որակով: Մարդը տեսնում է, որ իշխանությունը թքած ունի իր թափած քրտինքի վրա, նրան չի հուզում իր տարիներով չստացած աշխատավարձի խնդիրը ու չի հավատում, որ փոքրիկի հանդեպ ցուցաբերվող նույն այդ իշխանության հոգածությունն անկեղծ է: Աղքատացող ու նվաստացող քաղաքացին, ուժի ու փողի կողմից կեղեքվող մարդը կարծում են, որ իշխանությունն օգտագործում է տոնի կամ վշտի, պատերազմի վերսկսման պատրվակները, որ լռեցնի բողոքավորների արդար ձայնը: Երբ տոն է լինում` իշխանավորն ասում է՝ հարամ մի արեք, երբ վիշտ է լինում՝ իշխանավորը բողոքավորին ամոթանք է տալիս, երբ սահմանին զոհ ենք ունենում, հիշում են արտաքին թշնամուն ու մեր համախմբվելու անհրաժեշտությունը: Այս ամենը հոգնեցրել է մարդկանց, ովքեր մոռացել են՝ ինչ է տոնը, իսկ տխուր տրամադրությունը դարձել է նրանց մշտական ուղեկիցը՝ տարվա 365 օրերին: …Այսօր բոլորս վշտի մեջ ենք, նաև՝ նաիրիտցիները, բայց նրանք նաև բողոքի ակցիա էին անում, ու ես նրանց հասկանում եմ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 21074

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ